Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 2018-12-10 10:56

Հարկադիր կատարողները ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին 2018-12-07 19:10

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 2018-12-04 14:21
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Tert.am-ը զրուցել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հետ  2018-11-23 11:16


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է համակարգի աշխատանքին, հարկադիր էլեկտրոնային աճուրդի թափանցիկությունն ապահովող մեխանիզմներին, երեխաներին տեսակցելու իրավունքի, ծնողներից մեկի խնամքին հանձնելու, քաղաքացուն միակ կացարանից չզրկելու, ինչպես նաև ՃՈ-ի կողմից 13,7 մլրդ դրամ համաներման հարցերին:

- Պարոն Հակոբյան, Դուք, չնայած նախկինում շուրջ 17 տարի աշխատել եք համակարգում, սակայն Ձեր՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  ղեկավար նշանակվելուց հետո այս ոլորտում  ի՞նչ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն քաղաքական իրավիճակի փոփոխությանը զուգահեռ:

-Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որդեգրվել է հստակ քաղաքականություն՝ իր առաջնահերթ ուղղություններով, որոնք, ըստ իս, կարևոր նշանակություն ունեն Ծառայության գործունեության և ընդհանուր համակարգի զարգացման տեսանկյունից:

Ծառայության առավել բաց և թափանցիկ գործունեությունն ապահովելու նպատակով վերջերս Ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է «Կատարողական վարույթների տեղեկատու» պատուհանը: Եվս մեկ նորամուծություն՝ ներդրվել է միասնական տեղեկատու հեռախոսահամար, որով քաղաքացին կարող է ուղիղ կապ հաստատել Ծառայության բոլոր բաժինների հետ: Հուլիս ամսից Ծառայությունում սահմանվել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կարգը:

Առաջնահերթություններից է նաև հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործումը, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 20 տարի առաջ, հարկ է ամբողջությամբ վերանայել և համապատասխանեցնել ժամանակակից բոլոր պահանջներին:

Օ
րենսդրական փոփոխությունների առաջին փաթեթն արդեն շրջանառության մեջ է: Ներկայում աշխատում ենք օրենսդրական փոփոխությունների 2-րդ փաթեթի մշակման ուղղությամբ:

Հա
րկադիր կատարման ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման, ժամանակի էական խնայողության նպատակով Ծառայությունում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակաբար կատարելագործվում են, որի շնորհիվ գործող 413 հաստիքային միավորներով, օրինակ, 2018 թվականին ընթացք է տրվել շուրջ 2,5 մլն կատարողական վարույթների: 

-Նախկինում նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության    կայքում վաճառքի էին հանվում տարբեր օգտագործված ու անգամ երեխաների համար նախատեսված հիգիենայի պարագաներ: Ի՞նչ է ստանում դրանից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, չկա՞ նվազագույն շեմ:

-Նախ, նշեմ, որ Հարկադիր կատարման ծառայությունն իր ցանկությամբ չէ վաճառքի ներկայացնում Ձեր մատնանշած գույքերը, այլ դատարանի կողմից տրված համապատասխան կատարողական թերթի հիման վրա: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սահմանում է «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը», համաձայն որի՝ այդ գույքերի իրացման կամ ոչնչացման հետ կապված կատարողական գործողությունները կատարում է Հարկադիր կատարման ծառայությունը: Ձեր մատնանշած նվազագույն շեմն այս դեպքում չկա, քանի որ դատարանն է որոշում տվյալ գույքի «ճակատագիրը»: 

-Նույն վաճառքի հետ կապված շահարկումներ կային, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, օրինակ՝ բնակարաններ կամ այլ արժեքավոր շարժական և անշարժ գույքեր նախքան վաճառքի հանելը իրազեկում է իր շրջանակներում գործող մարդկանց, ստվերային առք ու վաճառք է կազմակերպում, և շուկայականից զգալի չափով էժան գույքը հայտնվում է նույն Հարկադիր կատարումն ապահավող ծառայության կատարողի մերձավոր շրջապատում: Ինչպե՞ս, ի՞նչ կարգավորումներով է հնարավոր բացառել նման դեպքերը, եթե Ձեզ հայտնի են կամ եթե հայտնի չեն, Դուք բացառու՞մ եք: Առհասարակ աճուրդի թափանցիկությունն ապահովող ի՞նչ մեխանիզմներ կան:

-Միանգամից ասեմ, որ կոռուպցիոն սխեման բացառվում է: Մեր երկրում հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործող մոդելն ամենաարդյունավետ մոդելներից մեկն է ամբողջ աշխարհում: Արդեն 12 տարի է, ինչ հարկադիր աճուրդները մեր հանրապետությունում իրականացվում են էլեկտրոնային եղանակով, մինչդեռ աշխարհում կան երկրներ, որոնք կա՛մ նոր են անցում կատարել հարկադիր էլեկտրոնային աճուրդներին, կա՛մ պլանավորում են անցնել մոտ ապագայում: Շատ երկրների համար մեր փորձը եղել է ուսանելի:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ամբողջ գործընթացը կարգավորվում է օրենսդրությամբ: Հարկադիր կատարողն ինքը չի գնահատում այն գույքը, որը ներկայացվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, այլ հրավիրում է փորձագետ, որն էլ իր մասնագիտական կարողություններով իրականացնում է տվյալ գույքի շուկայական գնահատում: Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ մենք տարբեր  փորձագետների հետ ենք համագործակցում, ովքեր շահում են ծառայությունների մատուցման համար հայտարարված մրցույթը, ինչը, կարծում եմ, կհամաձայնեք, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանն է ուղղված: Այդ գնահատված արժեքից օրենքով սահմանված կարգով 25% պակաս արժեքով արդեն տվյալ գույքը ներկայացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: 

Համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, այսինքն՝ մասնակիցը գրանցվելով կարող է քայլեր կատարել և ձեռք բերել իր ուզած գույքը: Կան գույքեր, որոնք, բնականաբար, մեծ հետաքրքրություն են ներկայացնում և անգամ վաճառվում են իրենց գնահատված շուկայական արժեքից բարձր գնով: Գույքեր էլ կան, որոնք գնորդների շրջանում որևէ հետաքրքրություն չեն առաջացնում և դրանք ձեռք բերելով՝ որևէ կերպ չեն կարող օգտագործվել (օրինակ՝ անանցանելի վայրերում գտնվող հողակտորները): Հետևաբար, դրանց գինը շարունակական աճուրդների արդյունքում կարող է անհամեմատ նվազել:

Շատ կարևոր քայլ ենք պատրաստվում անել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի թափանցիկությունն էականորեն բարձրացնելու հարցում: Խոսքս վերաբերում է աճուրդում գտնվող ավտոմեքենաներին: Ծառայությունը պատրաստվում է հաջորդ տարվանից հատուկ պահպանվող տարածքում կազմակերպել Երևանի և մոտ մարզերի վարույթներով աճուրդում գտնվող ավտոմեքենաների բաց ցուցադրություն, այսինքն՝ քաղաքացին կկարողանա իրեն հետաքրքրող մեքենան շաբաթը մեկ անգամ գնալ և տեսնել: Դա էականորեն կնպաստի հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի նկատմամբ հանրային հետաքրքրության աճին և կնպաստի գործընթացի թափանցիկության էլ ավելի բարձրացմանը:

-Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում փոփոխություններ արվեցին, որը վերաբերում էր քաղաքացու միակ կացարանին: Ի վերջո, միակ կացարանից ե՞րբ է զրկվում քաղաքացին:

-«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման նպատակն էր պարտապանին ընձեռնել սոցիալական տեսանկյունից կարևորվող միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրան զերծ պահել անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից: Արդյունքում բռնագանձում չի կարող տարածվել 28.02.2017 թվականից հետո հարուցված կատարողական վարույթների շրջանակներում քաղաքացի-պարտապանին պատկանող այն միակ բնակարանի վրա հետևյալ միաժամանակյա պայմանների առկայության դեպքում, երբ

պարտապանը հաշվառված է տվյալ բնակարանում,

բնակարանը հանդիսանում է պարտապանի համար մշտական բնակության վայր,

բնակարանի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է 4 900 000 ՀՀ դրամ գումարից:

Սակայն, օրենքը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև, երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները:

-Վերջերս ոստիկանության ու կառավարության նախաձեռնությամբ համաներման ակտ ընդունվեց, որի արդյունքում չեղարկվեց 13,7 մլրդ դրամի տուգանք՝ ՃԵԿ խախտումների դիմաց: Վարչական ակտերի կատարումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էին հանձնվել մի քանի տարի շարունակ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի՞ կարող ապահովել իրեն վերապահված իրավունքների կատարումը, ինչի պատճառով են նման կուտակումներ առաջանում, գուցե օրենքի փոփոխության և լիազորությունների ընդլայնման կարիք կա՞:

-Ինչպես արդեն նշեցի, Ծառայությունը հոկտեմբերին ավարտել է ՃՈ վարչական ակտերի համաներման գործընթացը: Ըստ օրենքի՝ Ծառայությունը համաներումը չի կիրառել այն վարույթների նկատմամբ, որոնցով հարուցված են եղել քրեական գործեր:

Տվյալ կատարողական վարույթներն ավարտվել էին գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով, կամ պարտապանի և/կամ նրա գույքի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Այսինքն՝ հարկադիր կատարողները կատարել են օրենքով սահմանված բոլոր կատարողական գործողությունները: Գործընթացն առավել խոսուն ներկայացնելու համար նշեմ, որ շուրջ 13,7 մլրդ ՀՀ դրամ չափով տուգանքները վերաբերել են մոտ 108 000 քաղաքացու, ընդ որում՝ նրանցից 75 000-ն ունեցել են մեկից վեց վարչական ակտ: Սա նշանակում է, որ շուրջ 25 000 քաղաքացիների մասով կուտակված են եղել ահռելի չափով տուգանքներ, և այդ անձինք չեն ունեցել գույք կամ եկամուտներ: Պատահական չէ, որ այս մասով կան հարուցված քրեական գործեր:

-Ի՞նչ դատական ակտերի կատարման ժամանակ են բախվում խնդիրների, օրինակ` հաճախ են դեպքերը, երբ դատարանը երեխայի խնամակալ է ճանաչում ծնողներից մեկին, սակայն երեխան մնում է մյուս ծնողի մոտ: Ի՞նչ վիճակագրություն կա՞, ո՞ւմ կամ ինչպե՞ս լուծել այդ խնդիրները:

-Ձեր մատնանշած վարույթը տվյալ դեպքում ոչ գույքային բնույթի կատարողական վարույթ է՝ երեխայի տեսակցություն կամ մի ծնողից մյուսին երեխայի հանձնում և այլն: Ծառայությունում այսպիսի բազմաթիվ վարույթներ կան, օրինակ՝ միայն Ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնում առկա են ավելի քան 340 կատարողական վարույթներ երեխաների տեսակցություններով:  

Ինչ խոսք, կան վարույթներ, որոնց շրջանակներում տեսակցությունները նորմալ ընթանում են, բայց կան նաև այնպիսի վարույթներ, երբ ծնողն ակնհայտ խոչընդոտում է տեսակցությանը, կամ երեխան չի ցանկանում ծնողի հետ որևէ կոնտակտի մեջ մտնել: Ծնողի կողմից տեսակցություններին խոչընդոտելու առումով ՀՀ քրեական օրենսգրքի 167.1 հոդվածի համաձայն Երևան քաղաքում արդեն 5 գործ է ուղարկվել իրավապահ մարմիններին՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Նմանատիպ վարույթներն առհասարակ բարդ կատարման են, պահանջում են մեծ ուշադրություն, ներգրավում են մասնագիտացված հոգեբանների և այլն, քանի որ առնչվում են երեխայի լավագույն շահին:

Ընդհանրապես, այս հարցը Ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Մենք նաև ուսումնասիրում ենք միջազգային փորձը, և կարծում ենք, որ նման դատական ակտեր կայացնելիս մեծ դեր պետք է ունենա սոցիալական աշխատողի ինստիտուտը:

Որպես ամփոփում՝ հարկ եմ համարում նաև նշել, որ չնայած հարկադիր կատարողի պատասխանատու, բարդ և ծանրաբեռնված աշխատանքին՝ Հարկադիր կատարման ծառայությունն անում է ամեն ինչ, որպեսզի պատշաճ կերպով իրականացնի իր գործառույթները:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

site design updated 26.11.2018

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio