Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
"Առավոտ"՝ ԴԱՀԿ-Ն ԿԱՅԱՑԵԼ Է  2011-03-03 16:00

ԴԱՀԿ-Ն ԿԱՅԱՑԵԼ Է

Վստահեցնում է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողի ներկայիս խորհրդական Մարատ Ալեքսանյանը:

"Մեզ մոտ գլխավոր եւ երկրորդական հարցեր չկան: Կան հարցեր, որոնք լուծում են պահանջում եւ պետք է ստանան այդ լուծումը". սա, պայմանական ասած, աշխատանքային այն կոդեքսն է, որով առաջնորդվում են ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում: Դա ծառայության ղեկավարի որդեգրած սկզբունքն է, որը պարտադիր է բոլոր աշխատակիցների համար:

Երեկ կառույցի աշխատանքների շուրջ "Առավոտի" հետ զրույցում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի խորհրդական, արդարադատության նախկին նախարար Մարատ Ալեքսանյանը փաստեց, որ վերջին երկուսուկես տարում ԴԱՀԿ գործունեության մեջ զգալի առաջընթաց է գրանցվել, հատկապես պետական-աշխատանքային կարգապահության ամրապնդման, գույքային եւ ոչ գույքային կատարողական վարույթներին ընթացք տալու ուղղությամբ: "Առավոտի" հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ աճը զգալի է: Դրան, իհարկե, զուգորդել է կատարողական թերթերի քանակական աճը՝ մոտ 33 տոկոս:

"Այս կառույցի գոյության պատմության մեջ առաջին անգամ հարկադիր կատարողների կողմից բռնագանձված գումարի սահմանը գերազանցեց 11 միլիարդը: Նախորդ տարվա համեմատությամբ այս ցուցանիշի աճը 66 տոկոս է կազմել: Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է մեկ միլիարդ 727 հազար՝ նախորդ տարվա 230 միլիոն դրամի դիմաց, իրավաբանական անձանց օգտին՝ 6 միլիարդ 194 միլիոն դրամ, նախորդ տարվա երեք միլիոն 149 հազար դրամի դիմաց, ֆիզիկական անձանց օգտին՝ մեկ միլիարդ 388 հազար դրամ, մեկ միլիարդ 180 հազարի դիմաց: Գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձվել եւ վերականգնվել է 384 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 100 միլիոն 291 հազարի դիմաց: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթի քանակի 1/3-ից ավելի աճի պայմաններում ավարտված եւ կարճված գործերի քանակը մնացել է նույնը: Որպեսզի թյուրիմացության տեղիք չտա, պարզաբանեմ, որ կարճումն այն դեպքն է, երբ ըստ էության լիարժեք ապահովվել է բռնագանձումը, իսկ ավարտը նշանակում է, որ դրամական գումարը չբավարարեց կամ հայտնի չեղավ պարտապանը: Այս դեպքում ավարտում ես՝ հետագայում վերականգնելու պայմանով",- ասաց պրն Ալեքսանյանը:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված աշխատանքի արդյունավետության նման կտրուկ աճը: Պարզվում է, հիմնական պատճառը նոր, համակարգչային տեխնոլոգիաների ներդրումն է. "Նախկինում՝ ստացվեց կատարողական վարույթը, երեք օրվա ընթացքում գործ էր հարուցվում, ծրարով ուղարկվում կողմերին, համապատասխան պարտապան կազմակերպություններին՝ առեւտրային բանկեր, մաքսային, հարկային, կադաստրի մարմիններին: Դա բավականին ժամանակ էր խլում: Հիմա այդ ամենն արվում է համակարգչային նոր տեխնոլոգիաների միջոցով եւ մի քանի րոպեում համապատասխան տեղեկատվությունը՝ գույքի նկատմամբ արգելանքը, հասնում է պատկան պետական կամ ոչ պետական կառույցներին: Այդ պարագայում, արդեն, պարտապան կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը չի հասցնում զարտուղի ճանապարհներով հարցեր լուծել":

Պարոն Ալեքսանյանն ասում է, որ այն ժամանակ ավելի մեծ էր հարկադիր կատարողի՝ գործարքի մեջ մտնելու հնարավորությունները, քանի որ ամիսներ էին պահանջվում ստուգումներ անելու համար: Հիմա, բացի նրանից, որ ամեն ինչ շատ արագ է կատարվում, նաեւ հնարավորություն կա ստուգելու հարկադիր կատարողի յուրաքանչյուր քայլը. "Ամբողջ կատարողական վարույթը համակարգչի էկրանի վրա է: Րոպեների խնդիր է՝ պարզելու համար, թե ե՞րբ գնաց ստուգման, ինչո՞ւ ուշացրեց, դա արդյո՞ք ստվերային սողանցք եւ հետագա չարաշահումների հնարավորություն ստեղծեց": Բացի այդ, գանձվող գումարները պետք է ժամանակին մուտքագրվեն դրամարկղ: Ավտոմատացման նոր համակարգը թույլ է տալիս գլխավոր հարկադիր կատարողից սկսած՝ մինչեւ, ասենք, կազմբաժնի վերահսկողության մարմնի աշխատող, բաժնի պետ կամ այդ տարածքը սպասարկող կոորդինատոր, անմիջապես հետեւել ընթացքին:

Աշխատանքային արդյունավետության բարձրացմանը նպաստել է նաեւ հարկադիր կատարողների՝ համակարգչով աշխատելու տեխնիկային տիրապետելը: Գլխավոր հարկադիրը համակարգչային ուսուցման եռամսյա դասընթացներ է կազմակերպել: Համակարգչային հագեցվածությունը կառույցում 90 տոկոս է, մոտ ապագայում կլրացվի նաեւ 10 տոկոսի բացը: Այսպիսով՝ վերացել է համակարգչային օպերատորների միջնորդավորված օղակը եւ հիմա հարկադիր կատարողներն անձամբ են զբաղվում եւ պատասխանատվություն կրում ամեն մի սխալի կամ թյուրիմացության համար: Աճուրդները նույնպես էլեկտրոնային են, ինչը 99 տոկոսով նվազեցրել է հարկադիր կատարողների միջամտությունը դրանց: "Ավտոմատացված այս համակարգի ներդրումն իսկապես հնարավորություն է տալիս կոռուպցիոն սողանցքների վերացման համար, ինչպես նաեւ բազմաթիվ ծախսերի կրճատման: Ճիշտ ընկալեք, գուցե փոքր-ինչ սուբյեկտիվ բան եմ ասում, բայց լավ կյանքից չէ, որ մարդիկ պարտապան են դառնում եւ եթե այն ժամանակ անգամ մարդկային հարաբերություններն օգտագործելով փորձում էին "մի քիչ ձգել", հիմա դա էլ է բացառվում",- մեր մտահոգությունները փարատում է գլխավոր հարկադիրի խորհրդականը:

Միհրան Պողոսյանը նաեւ աշխատանքի կառավարման ձեւ է մտցրել. յուրաքանչյուր հարկադիր կատարող ամեն ամիս հաշվետվություն է ներկայացնում բաժնի պետին՝ իր կատարած աշխատանքի համար: Վերջիններս էլ՝ գլխավոր հարկադիր կատարողին կից խորհրդակցական հանձնաժողովին: Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս անհատապես երեւում է յուրաքանչյուր հարկադիր կատարողի աշխատանքը:

Կառույցի նորույթներից է "մանկական սենյակը", որի պաշտոնական բացումը եղել է 2010թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սա ոչ գույքային բնույթի վարույթների կատարման համար է: Մարատ Ալեքսանյանն իր աշխատանքային պրակտիկայից ելնելով պատմում է, որ քանիցս ծնողների կրքերի բորբոքումը հասցրել է աղմուկ-աղաղակի եւ ծեծկռտուքի: Իսկ "մանկական սենյակում" չեն համարձակվում ազատություն տալ էմոցիաներին, քանի որ ներկա են լինում եւ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչները, եւ հոգեբաններ, անգամ նվերներ են տրվում երեխաներին: Օրերս ԴԱՀԿ թանգարանի պաշտոնական բացումն է լինելու: Այն իր մեջ ամփոփում է 12-ամյա այս կառույցի հիմնադրման պատմությունն ու գործունեությունը:

Բարելավվել են կառույցի ընդհանուր աշխատանքային պայմանները: Չթերագնահատելով այս ուղղությամբ անցած տարիների կատարվածը, մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզում շենք է գնվել, հիմնանորոգվել: Մարզային ստորաբաժանումների հարցը գրեթե լուծված է, միայն Սիսիանում դեռ խնդիրներ կան, բայց քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն արդեն կա, հողհատկացումը եւ նախագծային աշխատանքներն էլ կատարված են: Մարզային ստորաբաժանումների հետ գործում է հեռախոսային արագ կապ, որը հնարավորություն է տալիս օպերատիվ տեղեկատվություն փոխանակել: Ամեն ինչ արվում է կոլեկտիվում դրական բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելու, կարգուկանոնը պահպանելու, անգամ շենքի-շրջակայքի բարեկարգման եւ պահպանման ուղղությամբ:

Մարատ Ալեքսանյանը կարեւորում է կառույցի ղեկավարի մասնակցությունը միջազգային տարբեր կոնֆերանսներին, որոնք մեր "մանուկ" ԴԱՀԿ ծառայության համար փորձի փոխանակման լավագույն տարբերակն են: Ի դեպ, ՌԴ-ում կայացած նման մի կոնֆերանսում մեծ հավանության է արժանացել Միհրան Պողոսյանի զեկույցը, նա նույնիսկ ՌԴ դատական պրիստավների կառույցի կողմից պարգեւատրվել է վաստակի համար մեդալով: Մեր զրուցակիցը հատկապես է կարեւորում այս ոլորտում ԼՂՀ-ին ցուցաբերվող օգնությունը, մանավանդ՝ առաջավոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Նաեւ մասնագետների վերապատրաստման հարցում:

ԴԱՀԿ ծառայության հաջողությունները նախկին նախարարը պայմանավորում է նաեւ կադրերի ճիշտ վերաբաշխմամբ: Կիրառվել է ռոտացիայի սկզբունքը եւ արդյունավետությունը չի ուշացրել: Վստահեցնում է, որ ԴԱՀԿ-ում կադրերն ընդունվում են արդար մրցութային կարգով, բայց մտահոգություն է հայտնում նաեւ կադրերի արտահոսքի համար: Պատճառը՝ ցածր աշխատավարձն է եւ աշխատանքի ծավալների մեծացումը: Հուսով է, որ տեսանելի ապագայում այդ հարցն էլ լուծում կստանա, մանավանդ որ՝ կատարողական ցուցանիշներն արդեն հուսադրող են: Ինչ մնում է խնդիրներին. "Մենք ունենք չարված գործեր: Երբեմն դրանք մեր մեղքով չեն, պետական որոշ կառույցների թերացման արդյունք են, մասնավորապես՝ օպերատիվ ավտոմատացված աշխատանքի հնարավորությունների բացակայություն: Բայց ժամանակի խնդիր է ոչ միայն այս, այլեւ մնացյալ չլուծված հարցերը եւս: Մենք լավատես ենք",- ասում է ՀՀ գլխավոր հարկադիրի խորհրդականը:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

http://aravot.am/am/articles/economy/90184/view


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio