Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-12-12 08:15 ՀԿԱԾ-ում ներկայացվել են 2019 թ․ ընթացքում իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները

2019-12-10 16:25 Ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ում

2019-12-05 16:10 Սեմինար-քննարկում՝ «Աղետների դիմակայության օր» խորագրի ներքո
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Ընթացակարգը

Ընթացակարգ

Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:
      1.Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի դեպքում՝ անհապաղ:

  1. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջից (նրա ներկայացուցչից) կամ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը վարչական մարմնից ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
  2. 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը պարունակում է պարզաբանում սույն օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականության և դրա խախտման հետևանքների վերաբերյալ:
  3. Կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը կարող է որոշում կայացնել կատարողական վարույթի կողմերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը:
  4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարման ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության (գտնվելու) վայրում կամ նրա գույքի գտնվելու վայրում: Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:

Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08:00‑ից մինչև 20:00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը: Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ:

Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաեւ գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե.

1) անհրաժեշտ է անհապաղ կատարում,

2) պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է,

3) դա նախատեսված է կատարողական թերթով:

Կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկսված կատարողական գործողությունները:

Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի:

Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման, ինչպես նաև սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-11-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման ժամկետները:

Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով` Հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ:

Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչև այդ հանգամանքների վերանալը`

1) հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչև երկու շաբաթ ժամկետով,

2) դատարանի որոշման հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաև նույն օրենքի 50 հոդվածին համապատասխան` գրավառուի կողմից պարտավորությունների վաղաժամկետ կատարում պահանջելիս կամ ժամկետանց պարտավորությունների դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելիս:

3) սույն օրենքի 47.1-ին հոդվածով սահմանված կարգով գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին ուղարկելու դեպքում՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե`

  • պարտապանը ճանաչվել է անգործունակ և չունի օրինական ներկայացուցիչ,
  • պարտապանը զինված ուժերի և այլ զորքերի կազմում մասնակցում է մարտական գործողությունների, կամ առկա է նմանատիպ պայմաններում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը,
  • դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ ՀՀ կենտրոնական բանկը պարտապան բանկին անվճարունակ է ճանաչել,
  • դատարանը վարույթ է ընդունել սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հայցադիմում այն գույքն արգելանքից հանելու վերաբերյալ, որի վրա բռնագանձում է տարածվել հարուցված կատարողական վարույթով
  • դատարանը որոշում է կայացրել կատարողական վարույթը կասեցնելու մասին,
  • առկա է հաշտության համաձայնություն կնքելու մասին կողմերի դիմումը,
  • եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը,
  • վարչական դատարանը վարույթ է ընդունել կատարման ենթակա դրամական պահանջի վերաբերյալ հայց։
  • մահացել է պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձը, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին:

 

Հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե

1) դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար.

2) նշանակել է փորձաքննություն.

3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ.

4) պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվում է.

5) պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է

6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը

 Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե

1)  պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը, բացառությամբ հայցի ապահովման հիման վրա տրված կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը կամ կատարողական մակագրության թերթը վերադարձնելու մասին

2) անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն,

2.1) անհնարին է պարզել կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն, 

3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն,

4) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար,

4.1) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան,

5) ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները,

5.1) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը,

5․2) ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները,

6) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին,

7) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ,

8) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:

Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`

1) կատարողական թերթը փաստացի կատարվել է կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով.

2) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրության կամ կատարողական մակագրության թերթի պահանջների կամ կատարողական թերթի պահանջների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.

3) պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը.

4) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.

5) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)

6) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը.

7) պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կամ կատարողական մակագրության թերթը կատարելիս պարտապանից առգրավված և պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը.

8) պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ.

9) պարտապան-իրավաբանական անձը կամ պահանջատեր-իրավաբանական անձը լուծարվել է.

10) հայցը թողնվել է առանց քննության, մերժվել է, կամ դատական գործի վարույթը կարճվել է.

11) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.

12) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.

13) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-258-Ն)

14) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.

15) վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը:

 

 Հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական վարույթը կարճելու մասին, եթե բռնագանձված են վճարման ենթակա կատարողական ծախսերը:

Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով կատարողական վարույթը կարճելու դեպքում հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը և պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրի պատճենը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, համապատասխանաբար ուղարկում է պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռը կայացրած դատարան:

Պարտապանի գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը պահանջատերերի միջև կատարում է հարկադիր կատարողը: Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են հետևյալ հերթականությամբ.

- առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները,

- երկրորդ հերթին բավարարվում են դատական և կատարողական ծախսերը,

- երրորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառված տուգանքի գումարը,

- չորրորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, ինչպես նաև հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները,

- հինգերորդ հերթին բավարարվում են աշխատանքային և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների և դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումների պահանջները,

- վեցերորդ հերթին բավարարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները,

- յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:

Միևնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թերթերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդ

Տեղեկատու

Հայտարարագիր

Telegram Bot

e-payments.am


Տեղեկատու

sms ծանուցում




Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio